Քաղաքական որեւէ շահարկում անթույլատրելի է, եւ այստեղ անելիք ունեն բացառապես իրավապահ մարմինները: Այդ մասին այսօր՝ մարտի 23-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը:

Խոսելով ՕՐՕ դաշինքի հայտարարությունների մասին՝ Շարմազանովն ասել է. «Լավագույն ճանապարհը չէ յուրաքանչյուր իրավական գործընթաց փորձել քաղաքականացնել իրենց առանց այն էլ ցածր վարկանիշը բարձրացնելու համար: Քաղաքական որեւէ շահարկում անթույլատրելի է, եւ այստեղ անելիք ունեն բացառապես իրավապահ մարմինները»:

Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը:

Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով:

Սամվել Բաբայանի ձերբակալությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որակում է որպես քաղաքական հետապնդում: Նշենք, որ Սամվել Բաբայանը երբեք չի հերքել իր կապն այդ դաշինքի հետ: