Շիրակի մարզի Բավրա համայնքում ստեղծված «Նոր հատիկ» հնդկաձավարի վերամշակման կոոպերատիվի նախագահ Կորյուն Սումբուլյանն այսօր՝ մարտի 26-ին, վարչապետի հետ հանդիպմանը խնդրեց իրեն կոմբայն նվիրել, որպեսզի կարողանա գործարկել գործարանը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Կորյուն Սումբուլյանը նշեց է, որ անհրաժեշտ տեխնիկա ունեն, միայն պակասում է 10 կոմբայն՝ գործարանն ամբողջ ծավալով աշխատեցնելու համար, սակայն, կառավարությունից որպես նվեր ընդամենը մեկ կոմբայն են խնդրում:
«Պարոն վարչապետ, մենք ձեզանից ընդամենը միայն մեկ կոմբայն ենք խնդրում նվեր, որ կարողանանք սկսել աշխատանքները, ես դեկտեմբերի 7-ին էլ եմ ձեզ այդ հարցով դիմել, հիմա ուզում եմ հստակ իմանալ, թե ինչ եք մտածում դուք՝ կնվիրե՞ք, թե ոչ»,-ասաց նա:
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ կոմբայն չի նվիրելու, սակայն, կառավարությունը կարող է այն տրամադրել, եթե Սումբուլյանը կոնկրետ ժամանակացույց ներկայացնի, թե երբ կկարողանա վերադարձնել գումարը: Սակայն, Սումբուլյանին այս պատասխանը չգոհացրեց, նա նշեց. «Բոլորին նվիրում եք, մի հատ էլ մեզ նվիրեք»,-ինչին ի պատասխան վարչապետը վստահեցրեց, որ այդ ավանդույթը պատրաստվում է վերացնել: Վարչապետը նշեց, որ կառավարությունը կաջակցի նրա ծրագրին, եթե կոնկրետ ժամանակացույց եւ ծրագիր ներկայացնի:
Նշենք, որ Կորյուն Սումբուլյանը Բավրայի նախկին համայնքապետն է, նա առաջինն է Հայաստանում, որ հնդկաձավար է աճեցրել: Այսօր նա դրամաշնորհային ծրագրով Բավրայում ստեղծել է հնդկաձավարի վերամշակման գործարան, որը սակայն, դեռ չի գործում ամբողջ ծավալով:
Նշենք, որ հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը Շիրակի մարզում շարունակվում է: Շիրակի մարզում հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղեկալ Կարեն Կարապետյանին ուղեկցում են Շիրակի տարածքային ցուցակով առաջադրված Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը եւ Սամվել Նիկոյանը:











