«Ելք» դաշինքը վերածվեց ուժեղ թիմի, եւ դաշինքի անդամների դեմքերի արեւայրուքը ապացուցում է, թե որքան լավ է աշխատել դաշինքը։ Այս մասին այսօր՝ մարտի 30–ին, «Ելք»-ի քայլերթի ժամանակ ասել է դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ)։
«Մենք հանդիպել ենք ամենաքիչը կես միլիոն մարդու հետ, լավագույն դեպքում ՀՀԿ–ԲՀԿ–ն իրար հետ մի հարյուր հազար մարդու են հանդիպել, որոնք էդ նույն ելույթները մի հինգ անգամ լսել են, մեր պարագայում երթին, միտինգին գալիս են նրանք, որոնք իրենց քվեն մեզ են տալիս։ Խոսում ես՝ լսում են ու դրանից հետեւություն անում։ Մեր մարատավարությունը ճիշտ է, մենք ունեցել ենք ամենալուրջ բանավեճերը քաղքացիների հետ, ուղիղ շփվել նրանց հետ, գիտեք՝ մեզ ինչհարցեր էին տալիս, նախկինից եկած մեղադրանքներ հնչեցնում եւ այլն»,–ասել է Արամ Սարգսյանը։
Նա նշել է, որ սոցիոլոգիական հարցումները պատվիրում են իշխանությունները եւ ներկայացնում այնպիսի արդյունք, ինչպիսին իրենք են ցանկանում։
«Իմ շփումներով կարող եմ ասել՝ այնքան մարդ, որ մեզ հանդիպել ու ասել է, որ վստահաբար իր ձայնը «Ելք» դաշինքին է տալու, եթե էդքան մարդ մեզ քվե տա, հաստատ 3–րդ տեղում չենք լինի, ավելի լավ դիրքում կլինենք»,–ասել է Արամ Սարգսյանը։











