ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ «Ելք» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի տնօրեններից, որոնց պիտակավորել է: Այսօր՝ մարտի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ քարոզարշավի եզրափակիչ հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում Աշոտյանը մասնավորապես, նշեց. «Ես ընդամենը կոչ արեցի Նիկոլին տղամարդավարի ներողություն խնդրել, քանի որ տաք-տաք հայտարարություն էր արել՝ վիրավորելով մանկավարժներին եւ տնօրեններին. մանավանդ, որ նման նախադեպ եղել է քարոզարշավի ժամանակ, հենց «Ելք»-ի հանդեպ, երբ «Ծառուկյան» դաշինքի համակիրներն իրենց հայհոյանքներ էին թույլ տվել հենց Նիկոլի եւ դաշինքի անդամների հանդեպ՝ Նիկոլի թիմի ներկայությամբ: Անմիջապես այդ միջադեպը հարթվեց: Նման հակամշակույթը մեզանում չպետք է տեղ ունենա»:

Աշոտյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ունի այն խիզախությունը, որ տաք-տաք ասած բառերի համար ներողություն խնդրի այն մարդկանցից, ովքեր իր մոր կամ կնոջ տարիքին են. «Եթե նա էլ չխնդրի, կհորդորեմ «Ելք» դաշինքի ավելի հմուտ եւ իմաստուն ներկայացուցիչներին՝ իր փոխարեն ներողություն խնդրել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տարածել էր 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ ձայնագրություններ, որտեղ նրանք ներկայացնում են, թե ինչպես են ցուցակագրում ընտրողներին  ՀՀԿ-ի համար եւ ցուցակները ներկայացնում մարզպետարաններ ու քաղաքապետարաններ: Այդ ձայնագրություններում հնչում է նաեւ ՀՀԿ-ական թեկնածուների անուններ, ում օգտին հավաքվում են ցուցակները: