Վերջին շրջանում ավելի մեծ տարածում են ստանում, այսպես կոչված, «չիփի վրա օրգանների» ստեղծումը՝ բարդ կարգավորվածությամբ համակարգեր, որոնք նմանակում են մարդու ներքին օրգանների աշխատանքը, որպեսզի դրանց վրա տարբեր փորձարկումներ կատարվեն՝ «առանց առողջությանը վնաս պատճառելու»: Այս ուղղությամբ զգալի հաջողությունների են հասել ԱՄՆ-ի Հյուսիսարեւմտյան համալսարանի մասնագետները, որոնց վերջերս հաջողվել է էլեկտրոնային սարքերի օգնությամբ կանացի վերարտադրողական համակարգի մոդել ստեղծել: Այս մասին հայտնում է Hi-Tech News-ը:
Համակարգը կոչվում է EVATAR եւ կազմված է ձվարանների 3D մոդելներից, ֆալոպյան փողերից, արգանդի վզիկից, արգանդից, հեշտոցից եւ լյարդից: Լյարդը համակարգի մեջ է ընդգրկվել դեղերի մետաբոլիզմն ուսումնասիրելու համար, որոնք, որպես կանոն, հատկապես լյարդում են մշակվում: Բոլոր օրգանները փոխազդում են հատուկ հեղուկի միջոցով, որն իր հատկություններով շատ նման է մարդու արյանը:
EVATAR համակարգի միջոցով հնարավոր կլինի ստուգել, թե նոր դեղամիջոցները որքանով են արդյունավետ, նաեւ իմանալ եւ հետազոտել, թե փոխազդումն ինչպես է կատարվում ոչ միայն ուղղակի ամբողջ համակարգում, այլեւ առանձին բաղադրիչներում: Դրանից բացի, EVATAR-ը կօգնի ավելի լավ հասկանալ այնպիսի հիվանդությունների առաջացումը, ինչպիսին են էնդոմետրիոզը, միոման, օնկոլոգիական եւ ինֆեկցիոն հիվանդությունները, ինչպես նաեւ անպտղությունը: Ավելին՝ եթե նման համակարգերում կոնկրետ հիվանդի ցողունային բջիջներն օգտագործվեն որպես միջավայր, ապագայում հնարավոր կլինի հասկանալ, թե հատկապես այդ կնոջ օրգանիզմն ինչպես կարձագանքի տարբեր միջամտություններին:











