Ժամը 11:00-ի դրությամբ Դավթաշեն վարչական շրջանում, թիվ 5/9 ընտրական տեղամասում քվեարկել է 170 ընտրող: Ընտրություններն անցնում են հանգիստ, այդ ժամի դրությամբ որեւէ արտակարգ դեպք չի գրանցվել:
ՀՀԿ-ից տարածքային ընտրացուցակով առաջադրված թեկնածու Արթուր Գեւորգյանը քվեարկեց «Հանուն անվտանգ ու զարգացող երկրի, իր երեխաների ապագայի համար», իսկ մրցակիցներին մաղթեց՝ հաջողություն:
Նա նշեց, որ բոլոր միջոցները ձեռնարկվել են, որպեսզի անցնեն խաղաղ եւ արդար ընտրություններ:
Նշենք, որ Արթուր Գեւորգյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:
Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։











