Հայաստանում նորմալ ընտրությունների դեպքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հանգիստ կանցնի խորհրդարան: Այս մասին ապրիլի 2-ին քվեարկությունից հետ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ընտրությունները ընթանում են տարածքային «անոմալ» մոտեցմամբ, որոնց դեմ է արտահայտվում իրենց դաշինքը: «Ազատ եւ անկախ ընտրությունների դեպքում, նույնիսկ այսօրվա դրությամբ, այո, դաշինքը խորհրդարան կանցնի, բայց դուք նաեւ գիտեք, թե ինչպիսի կեղծիքների են դիմում իշխող ուժի ներկայացուցիչները: Այդ պատճառվ էլ մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը», - ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դաշինքը, շարունակել է նա, քննարկում է ընտրություններից հետո հնարավոր գործընթացները: «Կսպասենք ընտրատեղամասերի փակվելուն եւ քվեարկության նախնական արդյունքներին: Եւ դրանից ելնելով` մենք կորոշենք, բայց հիմնականում ժողովուրդն ինքը պետք է որոշի` արդյոք գոհ է ընտրություննրի արդյունքներից, թե զգում է, որ հերթական անգամ իրենից խլեցին սահմանադրական իրավունքը», - ամփոփել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։











