ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արմավիրի մարզում ՀՀԿ-ի տարածքային ընտրացուցակով առաջադրված թեկնածու Սեյրան Սարոյանը քվեարկել է հանուն լավ ապագայի:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Էջմիածնի թիվ 5 մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասում իր ընտրությունը կատարելուց հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարդիկ պետք է հավատան գործին, ոչ թե սուտ խոստումներին:
Անդրադառնալով ընտրակեղծիքների հնարավորությանը՝ Սեյրան Սարոյանը նշեց, որ իրենց առջև խնդիր է դրվել՝ խախտումներ թույլ չտալ։ Նա համոզմունք հայտնեց, որ ինչպես էլ անցնեն ընտրությունները, կլինեն բողոքողներ. «Դա հենց դեմոկրատիան է, որ մեր երկրում ազատ կա, բայց ընտրությունների արդյունքների դեմ բողոքողները մեր տեղը նեղացնում են աշխարհում»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ Ընտրությունների համար ՀՀ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասեր։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։











