«Բարձր տրամադրությամբ գնացի քվեարկության եւ քվեարկեցի հանուն մեր սերնդի ապագայի եւ երկրի անվտանգության»: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է թիվ 2 ընտրական տարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արման Սահակյանը:

Նա քվեարկել է 6/01 ընտրատեղամասում, որտեղ մի քանի ժամ առաջ քվեարկել էր Արման Սահակյանի հայրը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Արդեն կատարել եմ քաղաքացիական պարտքս, քվեարկել եմ հանուն մեր սերնդի ապագայի, երկրի անվտանգության եւ առաջընթացի համար: Բարձր տրամադրությամբ եմ մասնակցել քվեարկությանը: Օրս անցկացնելու եմ Հանրապետական կուսակցության Աջափնյակ համայնքի առանցքային գրասենյակում, ուշի ուշով հետեւելու եմ ընտրությունների ընթացքին: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ ընտրություններն անցնեն խաղաղ եւ հանգիստ: Օրը շարունակվելու է զուտ աշխատանքային»,- ասաց Արման Սահակյանը:

Նշենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի քվեարկության ժամանակ սարքը ոչ մի կերպ չէր ճանաչում ԱԺ նախագահի մատնահետքերը: Արման Սահակյանը հավաստիացրեց, որ իր քվեարկությունն անցել է անխափան. «Սարքավորումները նորմալ աշխատում էին, իմ քվեարկության պահին ամեն ինչ նորմալ աշխատեց»:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ 

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։