«Նորմալ քարոզարշավ ենք արել, արդյունքներն էլ քվեարկողներից է կախված»։ Այդ մասին Գյումրիի թիվ 31/51 տեղամասում ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Մարտուն Գրիգորյանը։

Քաղաքական թիմի փոփոխությունը՝ ԲՀԿ-ից ՀՀԿ, դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա պատգամավորի վրա, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Քվեարկությանը հաշված ժամեր են մնացել, ամեն ինչ կերեւա քվեարկության ավարտին։ Ես իմ քվեարկությունը կատարել եմ հանուն մեր երկրի, պետության, հանուն մեր հոգսաշատ ու հոգսառատ մարզի ու քաղաքի»։ Նրա խոսքով, մրցապայքարը նորմալ անցել է։ «Քարոզարշավը նորմալ անցել է, նորմալ քարոզարշավ ենք արել։ Իսկ արդյունքներն էլ քվեարկողներից է կախված»,- ասել է Գրիգորյանը։

Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։