Այսօր առավոտյան ժամը 8:00-ից բացվել են հանրապետության բոլոր 13 ընտրական տարածքների 2009 տեղամասերը: Մինչեւ կեսօր գրեթե բոլոր քաղաքական ուժերի առաջնորդները հասցրել են քվեարկել:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ: Պետության ղեկավարը քվեարկել է հանուն խաղաղության: ՀՀԿ-ի հնարավորությունների մասին Սերժ Սարգսյանը չի խոսել. կարծում է՝ դեռ վաղ է այդ մասին խոսել, հիմա քվեներ ստանալու ժամանակն է:

Սերժ Սարգսյանի քվեարկության ժամանակ տեխնիկական խնդիր առաջացավ. էլեկտրոնային սարքը չէր ճանաչում նրա մատնահետքը: Ընտրական հանձնաժողովի անդամը ստիպված էր մի քանի տարբեր մատների մատնահետքերը փորձել, մինչեւ սարքը ճանաչեց այն: Նման խնդիր է արձանագրվել նաեւ բազմաթիվ այլ ընտրատեղամասերում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես քվեարկելու էր գնացել կնոջ հետ, իր խոսքով՝ բարձր տրամադրությամբ: Նա ակնկալում է, որ ընտրությունները համերաշխության մթնոլորտում կանցնեն:

Պաշտպանության նախարարն էլ քվեարկության էր եկել կնոջ եւ երկու դուստրերի հետ: Վիգեն Սարգսյանը Հայաստանին քվեարկության հանգիստ օր է մաղթել:

Արփինե Հովհաննիսյանը քվեարկության ժամանակ ականատես է եղել ընտրողի եւ հանձնաժողովի անդամների միջեւ փոքրիկ վիճաբանության: Ընտրողը նյարդայնացել է այն բանից, որ էլեկտրոնային սարքը չէր ճանաչում իր մատնահետքը: Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամին խորհուրդ է տվել ընտրողին ցույց տալ Ընտրական օրենսգիրքը: Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հավաստել է, որ ներդրվել են բոլոր մեխանիզմները, որպեսզի ընտրակաշառքը ունենա զրո ազդեցություն:

Ընտանիքի անդամների հետ քվեարկության է գնացել նաեւ Գալուստ Սահակյանը: Նրան նույնպես չի հաջողվել անմիջապես ընտրություն կատարել. սարքը չի ճանաչել մատնահետքերը:

Սարքը չի ճանաչել նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մատնահետքը: «Գյուղատնտեսական աշխատանքներից է»,- մեկնաբանել է Տեր-Պետրոսյանը:

Մանվել Գրիգորյանն ընտրության է գնացել երկու անձնագրով. ընտրատեղամասում տարակուսել են, հետո պարզել, որ Գրիգորյանը դիվանագիտական անձնագիրն է ներկայացրել: Նրա դեպքում նույնպես սարքը երկար ժամանակ չի նույնականացրել մատնահետքերը:

Էջմիածնի ընտրատեղամասերից մեկում քաղաքացիական պարտքն է կատարել նաեւ Սեյրան Սարոյանը: Գեներալը միայն կնոջ օգնությամբ է կարողացել քվեաթերթիկը տեղավորել ծրարի մեջ: Իսկ լրագրողներին նա ասել է, որ ամեն ինչ անելու են՝ խախտումներ թույլ չտալու համար: Բայց կարծում է, որ ինչպես էլ անցնեն ընտրությունները, բողոքողներ կլինեն:

Գագիկ Ծառուկյանը քվեարկության էր եկել կնոջ եւ երեխաների հետ: Հնարավոր կոալիցիաների մասին հարցին չի պատասխանել: Նա նշել է, որ պետք է ձայն տալ բարեփոխումների պատրաստ քաղաքական ուժին:

Սեյրան Օհանյանն էլ ընտրության է եկել կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ: Նա քվեարկել է հանուն Հայաստանի վաղվա ապագայի, ինչպես նաեւ հորդորել է բարձր եւ տոնական տրամադրությամբ անցկացնել այս օրը:

Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկել է հանուն մեր հայրենիքի հերոս որդիների եւ Հայաստանի վաղվա օրվա: Նա նաեւ խոսել է ընտրախախտումների եւ դրանց հետեւանքների դեմ իրենց պայքարի մասին:

Կնոջ հետ քվեարկության եկած Վարդան Օսկանյանն արդեն իսկ ընտրախախտումների մասին տեղեկություններ ունի, բայց ասել է, որ դեռեւս չի հասցրել գնալ ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբ եւ չի կարող հստակ տվյալներ ներկայացնել:

Քվեարկությունից հետո ընտրախախտումների մասին հարց են ուղղել նաեւ Արմեն Ռուստամյանին: Նշել է, որ առայժմ չի կարող խոսել արձանագրված խախտումների մասին, քանի դեռ Դաշնակցության շտաբում չեն ճշտել ստացված ահազանգերի իսկությունը:

Նիկոլ Փաշինյանն ընտրատեղամաս է գնացել կնոջ եւ երկու երեխաների հետ: «Ելք» դաշինքի ներկայացուցիչը երեխան գրկին հերթ է կանգնել, իսկ քվեարկել է «հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության այս փոսից»: Իսկ իրենց հաղթանակի հնարավորությունները Փաշինյանը բարձր է գնահատում:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարը նույնպես տեղամաս է եկել կնոջ հետ եւ քվեարկել հանուն Հայաստանի վերածննդի:

Իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, ընտրություններին չի մասնակցի: Նա Մոսկվայում է եւ, ըստ նրա մամուլի խոսնակի, Հայաստան կժամանի ժամը 20:30-ին միայն:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է ապրիլյան պատերազմի տարելիցը: Առավոտից «Եռաբլուր»-ը մարդաշատ է եղել. պանթեոն են գնացել զոհվածների հարազատները, քաղաքական գործիչներ: Սերժ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ «Եռաբլուր» է այցելել: Նրանք ծաղիկներ են դրել եւ գլուխ խոնարհել ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին: «Եռաբլուր»-ում նաեւ հոգեհանգստի արարողություն է կատարվել:

Պաշտպանության նախարարն էլ տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այսօր հարաբերական անդորր է:

Ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին հոգեհանգստի արարողություն է կատարվել նաեւ եկեղեցիներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արարողությունը կատարվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ: Արարողությանը մասնակցել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: