Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով մտած քաղաքական ուժերից Հայաստանի հանրապետական կուսակությանը ամենաշատ ձայն բերած տարածքային պատգամավորի թեկնածուն Արարատի մարզում առաջադրված Արայիկ Գրիգորյանն է («Ավշար»–ի Արայիկ)՝ 45.339 ձայն:
ՀՀԿ-ին երկրորդ ամենաշատ ձայն բերած թեկնածուն է Լոռու մարզը ընդգրկող թիվ 9 ընտրական տարածքում տարածքային ցուցակով առաջադրված, «Տաշիր գրուպ»–ի սեփականատերերից Կարեն Կարապետյանը՝ 44255 ձայն, իսկ երրորդ տեղում Երեւանի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրական տարածքում տարածքային թեկնածու, գործարար–պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է՝42 472 ձայնով:
Խորհրդարան անցած «Ելք» դաշինքին ամենաշատ ձայնը բերել է Երեւանի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանը՝ 11513 ձայն, դաշինքի համար առավելագույն ձայն բերած մյուս թեկնածուն է Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրական տարածքում առաջադրված Սասուն Միքայելյանը, նա հավաքել է 6652 ձայն, եւ Լոռու մարզը ընդգրկող թիվ 9 ընտրական տարածքում առաջադրված Էդմոն Մարուքյանը, որը հավաքել է 6123 ձայն:
«Ծառուկյան» դաշինքի համար ամենաշատ ձայնը բերել է Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրական տարածքում առաջադրված Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը՝ 34.415 ձայն, թիվ 10 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Դավիթ Մանուկյանը 20.761 ձայն, Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրական տարածքում առաջադրված Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը՝ 13.990:
Հայ Հեղափոխական Դաշնակցության թեկնածուներից էլ ամենաշատ ձայն հավաքողը Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 13 ընտրական տարածքում առաջադրված Սուրեն Մանուկյանն է՝ 5274 ձայնով, այնուհետեւ Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրական տեղամասում տարածքային թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ 3458 ձայն, եւ Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրական տեղամասում առաջադրված Տարոն Տոնոյանը՝ 3158 ձայնով:
Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը:
ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:











