Հայաստանի Ազգային ժողովի գործող նախագահ Գալուստ Սահակյանը լավ չի ճանաչում «Ելք» դաշինքին, փոխարենը շատ լավ է ճանաչում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Շատ լավ ճանաչում եմ «Բարգավաճ Հայաստանին», բայց «Ելք»-ին լավ չեմ ճանաչում, որովհետեւ «Ելք»-ը ձեւավորվեց խորհրդարան գալու համար: Ընդ որում, «Ելք»-ի երկու ներկայացուցիչներ Հանրապետական են եղել, այդ երկուսին ճանաչում եմ»,-այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Գալուստ Սահակյանը` այդպես էլ չասելով, թե կոնկրետ ում նկատի ունի:
Դիտարկմանը, թե արդյոք նոր ընդդիմադիրները վերահսկելի չեն լինի իշխանության կողմից` ԱԺ նախագահը պատասխանեց. «Վերահսկողության որևէ խնդիր գոնե այս ընտրություններին չկար: Յուրաքանչյուրն իր գործը պիտի կատարի, առավել եւս ընդդիմությանն այնքան առաջ բավարար ճանապարհ է դրված, որ ինքը մինչև վերջ կկարողանա և՛ քննադատել իշխանությանը, և՛ իր տեսակետները առաջարկել, և՛ միտինգների փոխարեն նաեւ հանրաքվեներ անցկացնել, այսինքն` կարող է բերել ԱԺ այնպիսի խնդիրներ, որոնք բխում են մարդկանց շահերից և քննարկման առակա դարձնել»:
Անդրադառնալով այն պատգամավորներին եւ ուժերին, որոնք նոր խորհրդարանում չեն լինի, գալուստ Սահակյանն ասաց. «Ես այն քաղաքական գործիչն եմ, որ երբեք ընդդիմադիր մարդ չունեմ, որովհետև և՛ ընդդիմության, և ՛ քաղաքական մեր կուսակցության հետ, կարծում եմ՝ իմ հարաբերությունները լուրջ մարդկային հարաբերություններ են եղել»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե ԱԺ ընտրությունները ավելի շատ համակենտրոնացման ճամբարի ընտրություններ էին, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Բնականաբար, պետք է մարդիկ ունենանք, որ ինչ-որ մի բան գտնեն խոսեն: Իհարկե, այդպիսի մարդիկ էլ անհրաժետ են, որովհետեւ ավելի լավերը երեւալու համար պիտի լինեն նաեւ էդպիսի մարդիկ»:











