ԱԺ պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքում ընդգրկվելու վերաբերյալ դաշինքի անդամներ Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի հետ իր հանդիպումը ոչ պաշտոնական է եղել եւ նրանք իրավունք չունեին այդ մասին հրապարակել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, լրագրողների հետ զրույցում ազգային ժողովում հայտարարել է Փոստանջյանը։
«Այս անգամ պարոն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնները, մենք ունեցել ենք ընկերական զրույց, ես նա եւ պարոն Սասուն Միքայելյանը սրճարանում զրուցել ենք, դա պաշտոնական հանդիպում չի եղել ինձ որեւէ առաջարկ ներկայացնելու առումով, եթե դա լինելր պաշտոնական, ես բանավոր կմերժեի, չէի հանդիպի։ Կարիք չկար, որ Փաշինյանը հանդես գար այդ հայտարարությամբ, ցանկալի է, որ Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքի տղա ու չխախտի էթիկայի կանոնները»,–ասել է Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Զարուհի Փոստանջյանին երեք առաջարկ են արել, որից մեկն էլ «Ելք» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորելն էր, սակայն Փոստանջյանը մերժել է առաջարկները։
Փոստանջյանը վերստին շեշտեց, որ այն արհեստական դաշինք է, որը գաղափարի շուրջ չի ստեղծվել, իսկ նման դաշինքները ժամանակի ընթացքում ձախողվում են։











