ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը Սպիտակ տանը հյուրեր են ընդունել՝ հազարավոր երեխաներ ու նրանց ծնողները եկել էին զատկի ձվերի գլորման ամենամյա ավանդական միջոցառմանը մասնակցելու, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նախագահը, առաջին տիկինն ու նրա 11-ամյա որդի Բերոնը Զատկի խորհրդանիշ «ճագարի» ուղեկցությամբ ողջունել են հյուրերին Սպիտակ տան պատշգամբից։ «Մեր ազգն ավելի ուժեղ, ավելի շատ ու ավելի լավը կդառնա, քան առաջ էր,- ասել է Թրամփը,-Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում»։

Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ ուշադրություն են դարձրել, որ Թրամփը երկրի հիմնի կատարման ժամանակ մոռացել էր ձեռքը սրտին դնել ու արել է դա միայն կնոջ՝ Մելանիայի հուշումից հետո։

Զատիկի հաջորդ օրը Սպիտակ տան առջեւի մարգագետնում զատկի ձվեր գլորելու ավանդույթը սկիզբ է առել 1878-ին։