Դերասան, կինոռեժիսոր Գոռ Վարդանյանը միացել է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Այսօր՝ ապրիլի 21-ին, Երեւանի Էրեբունի թաղամասում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավին մասնակցող դերասանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սատարում է գործող քաղաքապետին:

«Տարոն Մարգարյանի կողքին կանգնած եմ, սատարում եմ նրան եւ պատրաստ եմ իմ ամբողջ ուժերով միանալ Տարոն Մարգարյանին, որ աշխատենք, գեղեկացնենք մեր Երեւանը եւ անենք այն ամեն ինչը, որ մեր ժողովրդի համար»,- ասաց Գոռ Վարդանյանը:

Գոռ Վարդանյանը նշեց, որ ինքը որպես քաղաքացի շատ գոհ է գործող քաղաքապետից: Հարցին՝ արդյոք հանրային տրանսպորտից դերասանն օգտվո՞ւմ է, վերջին անգամ երբ է երթուղային տաքսիով երթեւեկել, նա պատասխանեց. «Մասամբ օգտվում եմ: Ի՞նչ եք ուզում ինձանից լսել: Եթե դուք խոսում եք պրոբլեմներից, ցանկացած աշխատանքի մեջ կան պրոբլեմներ, իդեալական ոչինչ չկա: Եկեք ուրիշ տեսանկյունից հարցին նայենք, եկեք կանգնենք Տարոն Մարգարյանի կողքը, օգնենք, միանանք, ամենքս մեր չափով օգնենք»:

Նշենք, որ Տարոն Մարգարյանը 2011թ.-ից Երեւանի քաղաքապետ է: Մի՞ թե այդ տարիները բավարար չէին լուծելու գոնե հանրային տրանսպորտի խնդիրը, հարցրինք Գոռ Վարդանյանին: Հարցին ի պատասխան դերասանը հորդորեց ամեն ինչում վատը չփնտրել եւ «բարի աչքով նայել»:

«Այս տարիների մեջ աշխատանք չի արվե՞լ, մեծ աշխատանք է արվել, պետք է նայեք՝ պրոգրես կա, թե չէ: Դուք ամեն ինչի վատ ձեւի եք նայում, ուզում եք՝ քնեք, արթանանք եւ ամբողջ պրոբլեմները լուծվեն, էդպես չի, մի քիչ էլ ավելի ուրիշ աչքով նայեք, բարի աչքով նայեք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանը խորհրդարանական ընտրություններում էլ սատարում էր Առաքել Մովսիսյանին՝ «Շմայսին»: