Անմեղ զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձեւը ուժեղ պետություն ունենալն է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը։
«Մենք որպես ժողովուրդ ունեցել ենք թե կորուստներ, թե ձեռքբերումներ ու հաղթանակներ, եւ հիմա` երբ պետություն ենք, պետականություն ունենք, դրանից հետեւություն չենք արել, եթե արած լինեինք, կհասկանայինք, որ մեր անվտանգության երաշխավորը մենք ենք մեր բանակով եւ հույսներս չէինք դնի ուրիշների իսկանդերների վրա։ Մենք կտեսնեինք, որ Հայաստանը պիտի լինի ժողովրդավարության կղզյակ, չի կարելի սեփական ժողովրդին էնքան ատել, որ 10 հազարով քվեարկություն անել։ Կտեսնեինք, որ չի կարելի մարտի 1 անել, փողոցում կրակել ժողովրդի վրա, իհարկե, հետություններ չենք արել»։
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նշել է, որ ցեղասպանության անմեղ զոհերի եւ առհասարակ պատերազմում զոհվածների հիշատակը հարգելու լավագույն ձեւը ուժեղ պետություն ունենալն է։
«Անմեղ զոհերի, պատերազմում զոհվածների ու ընդհանրապես մեր ունեցած կորուստների հիշատակը հարգելու ձեւը ուժեղ պետություն ունենալն է, ինչի ուղղությամբ իշխանությունները ոչինչ չեն անում»։
Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ ցեղասպանության ճանաչաման հավանականությանը, նա ասել է. «Ես համոզված եմ, որ թուրք ժողովուրդը իր մեջ ուժ կգտնի եւ կընդունի, որ այն Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանություն է եղել, թուրք ժողովուրդը հասկանաում է այդ ամենը, բայց որեւէ բան չեն անում, քանի որ ներքին ազգայնականների հետ խնդիր ունեն։ Թուրքիայի այս պայմաններում, որ Էրդողանը միահեծան նախագահ դարձավ, շատ բարդ է այդ հարցում կանխատեսում անելը։ Թուրքիան անկանխատեսելի քաղաքականության է վարում, այս պարագայում գնահատականներ անել ցեղասպանության ճանաչման մասով, դժվար կլինի»։











