Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն՝ իր Երեւանի բյուջեի հաշվին հարստանալու վերաբերյալ մրցակիցների հայտարարությունները համարում է անհիմն: Այսօր՝ ապրիլի 26-ին, Երեւանի Աջափնյակ համայնքում երեւանցիների հետ հանդիպումից հետո լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում մրցակիցների հայտարարությանը, թե հարստացել է Երեւանի բյուջեի հարցին, պատասխանեց. «Ուրիշ բան չունեն ասելու, դրա համար էլ դա են պնդում»:

Տարոն Մարգարյանը նաեւ անդրադարձավ մրցակիցների հետ բանավեճից հրաժարվելու  իր որոշմանը՝ նշելով, որ ինքը նախընտրում է իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնել բնակիչների հետ հանդիպելով, քան մասնակցել բանավեճի:

«Իմ հարցազրույցներում ասել եմ, վերցրեք, նայեք, ասեք: Մեր կատարած աշխատանքը մեր ժողովրդին ենք ներկայացնում, բանավեճով չենք ներկայացնում, մեր քարոզչությունն ամբողջությամբ դրա վրա է»,-ասաց նա: