Սարիթաղցին այն մարդը չէ, որ ճնշման ներքո գնա ընտրության, ես չեմ հավատում դրան: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Սարի թաղում քարոզչական արշավի ժամանակ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

«Հանուն իր սարիթաղցու պետք է մայիսի 14-ին դուրս գան մարտի, մենք ազատագրման այլ ճանապարհ չունենք: Պետք է ճեղքենք իրավիճակը՝ սկսելով Երեւանից»,-հայտարարեց նա:

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի հայտարարությանը, թե ծանոթ չէ մյուս թեկնածուների նախընտրական ծրագրերին, Փոստանջյանն ասաց. «Տարոն Մարգարյանն ուշացել է գնացքից, իսկ մենք սիրում ենք Երեւանը, եւ մեր սերը դուրս է խաղի կանոններից: Տարոն Մարգարյանին հրաժեշտ ենք տալիս եւ ցանկանում, որպեսզի նա գործի եւ ապրի այլեւս իրավունքի գերակայության եւ օրենքի շրջանակներում»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները բաժանում էին կուսակցության ծրագիրը ներկայացնող բուկլետներ, որոնց առաջին էջին մեջբերում էր կատարված Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունից:

«1984»-ը համաշխարհային համբավ ունեցող գործ է, որը բռնապետական համակարգին է վերաբերում, եւ քաղաքական իմաստով մեծ նշանակություն ունեցող գործերից մեկն է, հետեւաբար նաեւ հորդորում եմ Տարոն Մարգարյանին կարդալ «1984»-ը, եթե մինչեւ հիմա չի կարդացել», - լրագրողների հետ զրույցում նշեց Զարուհի Փոստանջյանը: