«Մեռել» բառը, քաղաքական իմաստով, ավելի ճիշտ կլինի օգտագործել Զարուհի Փոստանջյանի նախկին կուսակցության հանդեպ։ Այդ մասին այսօր՝ մայիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
Մեկնաբանելով «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ երեկ արած հայտարարությանը, թե Ազգային Ժողովում «մեռելներ են հավաքվել եւ պետք է քանդել ԱԺ-ն», Նիկոլ Փաշինյանը նշել է, թե կոռեկտ չի համարում նման հայտարարությունը, իսկ «մեռել» բառը քաղաքական իմաստով ավելի ճիշտ կլինի օգտագործել Զարուհի Փոստանջյանի նախկին կուսակցության հանդեպ։
Խոսելով «Երկիր ծիրանի»-ի հետ համագործակցության հնարավորության մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «Ելք»-ը համագործակցության համար իրենից կախված առավելագույնն արել է։ «Հնարավոր ամենակառուցողական առաջարկները արել ենք։ Եթե նրանք առաջարկ ունեն, մենք կլսենք այդ առաջարկը»,- ասել է Փաշինյանը։
Լրագրողներից մեկը նշեց, թե «Երկիր ծիրանի»-ից մեկնաբանություն է եղել, թե իբր Փաշինյանը սատարում է ՀՀԿ-ին, քանի որ պատգամավոր է ընտրվել, բայց մասնակցում է քաղաքապետի ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանն այն մեկնաբանությունն անլուրջ որակեց՝ պարզաբանելով, որ եթե «Ելք»-ը չմասնակցեր ընտրություններին, հակառակ կարծիքներն էին հնչելու։ Թեկնածուն նաեւ նշեց, թե իրենց հասցեին նման որակի մեկնաբանություններ անողներին կարող է որակել «ադրբեջանական ագենտներ, Սերժի ագենտներ եւ այլն»։
Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին, ըստ որոնց Տարոն Մարգարյանն է դառնալու քաղաքապետ, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Սոցիոլոգիական հարցումներով նույնիսկ ԱՄՆ-ում Թրամփը պետք է պարտվեր նախագահական ընտրություններում։ Մենք հույս ունենք, որ քաղաքապետի ընտրությունները անակնկալ կլինեն սոցիոլոգների համար»։
Ըստ Փաշինյանի, մարդիկ պետք է շահագրգիռ լինեն, որ ի վերջո ձեւավորվի հակակշիռ իշխանությանը։ «Քաղաքապետի պաշտոնը հանրապետության երրորդ ամենակարեւոր պաշտոնն է, եւ մարդիկ հնարավորություն ունեն, որ Երեւանը եւ հանրապետության իշխանությունները իրար հակակշռեն»,- ասել է նա։











