«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը,  NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ  Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ինքնաբացարկի դիմումը իր կամքին հակառակ չի եղել։

Հիշեցնենք, որ Արթուր Մանուկյանը «Ծառուկյան» դաշինքից ընտրված այն պատգամավորների թվում էր, որոնց անունից մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն Արթուր Մանուկյանը հրաժարվեց ինքնաբացարկի դիմումից եւ նախօրեին ստացավ  մանդատը։  Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ծառուկյանի որոշման դեմ դուրս եկած եւ մանդատ ստացած ութ պատգամավորները մտափոխվել են եւ որոշել են վերջնականապես վայր դնել մանդատները։  Նապոլեոն Ազիզյանը եւ Վահան Կարապետյանն արդեն իսկ հայտարարել են, որ եթե Ծառուկյանը ցանկանա, որ մանդատներից հրաժարվեն, ապա կհրաժարվեն, իսկ Արարատ Զուրաբյանը հայտարարել է, որ ԱԺ նիստի հենց առաջին նիստի վայր է դնելու մանդատը:

Մինչդեռ ինքնաբացարկի դիմումներից հրաժարվածների մեծ մասը պնդում էր, թե այդ ինքնաբացարկի դիմումները դաշինքը ԿԸՀ էր ներկայացրել առանց իրենց տեղյակ պահելու, իրենք անգամ չեն իմացել, որ նախկինում ստորագրած դատարկ փաստաթուղթը ինքնաբացարկի դիմումն է իրականում եղել։

Արթուր Մանուկյանը վստահեցրեց, թե ինքը տեղյակ է եղել ինքնաբացարկի դիմումից, սակայն խուսափեց պատասխանել, թե ինչն է ստիպել մտափոխվել ու պահանջել մանդատը: Ի դեպ, նա «ըմբոստների» խմբից միակն էր, որ ներկայացել էր մանդատները ստանալու հանդիսավոր արարողությանը, ինչն էլ ենթադրում է, որ Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանին չի վերադարձնելու որդու բազմաչարչար մանդատը։

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը ԱԺ-ում «Ծառուկյան» դաշինքի խմբակցության հետ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նորաթուխ պատգամավորը պատասխանեց. «Կոնֆլիկտ չի կարող լինել երբեւէ իմ հետ կապված, որովհետեւ ամեն ինչ պարոն Ծառուկյանի հետ եղել ա, լինելու ա, հետագայում էլ, ամեն ինչ համաձայնեցված ա»։

Ուշագրավ է, որ Արթուր Մանուկյանը, որի անունը մամուլում  պարբերաբար շրջանառվում էր տարբեր քրեական դեպքերի շրջանակում, խոստացավ  խորհրդարանում ակտիվ աշխատել։