Մայիսի 9-ին Երեւանում տեղի է ունեցել «Անմահ գունդ» երթը։ Միջոցառումը մեկնարկել է Ազատության հրապարակից։ Ակցիան նախաձեռնել է «Հայ-ռուսական երիտասարդական միաբանություն» հասարակական կազմակերպությունը։
Ակցիան կազմակերպվել է Վետերանների միության եւ «Երկարապահ» կամավորների միության կողմից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Երթին մասնակցել են Մեծ հայրենական պատերազմի վետերաններ, դիվանագետներ, Հայաստանում ԱՊՀ անդամ-երկրների ներկայացուցիչները, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերը, «Երկրապահ» կամավորների միության անդամները, ուսանողներ եւ աշակերտներ՝ Հայաստանից ու Արցախից։
Ակցիայի մասնակիցները ձեռքներին ունեին Մեծ հայրենական պատերազմի, արցախյան քառօրյա պատերազմի մասնակիցների լուսանկարները։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը շքերթի այլ մասնակիցների հետ միասին ծաղիկներ է դրել խորհրդային օդաչու, Խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանին։
50-ամյա ենթասպա Կարեն Խաչատրյանը, ով 31 տարի ծառայել է Զինված ուժերում, NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշել է. «Այսօր մեծ տոն է, մեր հաղթանակի տոնը։ Ամբողջ աշխարհը նշում է այն, նույնիսկ Բեռլինում հաղթական շքերթ է տեղի ունեցել։ Այսօր իմ զինծառայող որդու եւ զարմիկի հետ եկել ենք նշելու այդ տոնը։ Սա անհրաժեշտ միջոցառում է մեր երիտասարդության համար, եւ տասնյակ տարիներ անց «Անմահ գունդը» միշտ պետք է անմահ լինի»։ Նրա որդին՝ Ռոբերտ Խաչատրյանը, իր հերթին ընդգծել է, որ հպարտ է ծառայել Հայաստանի զինված ուժերում։











