Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում 2017թ. մարտի 28-ին հակառակորդի գնդակից զոհված հրազդանցի զինծառայող, Գինեսի ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանի հայրը եւ եղբայրը, օրերս մեկնել են Արցախ  և հուշաքար են տեղադրել այն դիրքում, որտեղ հերթապահություն իրականացնելիս զոհվել էր Արտակը։

Հուշաքարի տեղադրման արարողությանը ներկա էին նրա մարտական ընկերները և հրամանատարները։

«Դժվար ա խոսել, բայց կփորձեմ, դժվար ա էն առումով, որ դեռ Արտակի ողջ եղած ժամանակ ամեն ինչ արել եմ, որ Արտակն իրեն լավ զգա իր լավ ծառայության ընթացքում: Բայց, ցավոք սրտի, այսպես ստացվեց: Դրանով մենք պիտի

ուժեղանանք, ավելի շատ վրեժխնդիր լինենք, որպեսզի կարողանանք հակառակորդին դաս տալ: Ես համոզված եմ, որ Արտակի ընկերները նույնիսկ զորացրվելուց հետո պատրաստ են հարկ եղած դեպքում արժանի հարված տալ թշնամուն։ Համբերություն մեզ բոլորի»,- հուշաքարի տեղադրման արարողությանն ասել է Արտակի հրամանատար, շտաբի փոխհրամանատար Արսեն Աղաբեկյանը:

«Պոստերի սիրտն էր, մենք ամեն ինչ պիտի անենք, որ վրեժխնդիր լինենք և Արտակի, և մեր մյուս զոհված ընկերների համար»,- ասում էին Արտակի ծառայակիցները։

Հիշեցնենք, որ 2017թ. մարտի 28-ին, ժամը 13։00-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված  զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Ռաֆայելյանը: Նա Գինեսի ռեկորդակիր էր, մի քանի ամսից պետք է զորացրվեր: