«Ելք» դաշինքի  նախագիծը ընտրակաշառքային գերության մեջ գտնվող քաղաքացիների ազատության համար տրվող փրկագինն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով  իրենց այն նախագծին, որ ընտրակաշառքից հրաժարվող քաղաքացիներին «Ելքի» ընտրվելու դեպքում առաջարկում են 15 հազար դրամ։

«Էսօր որեւէ մեկին չի մտահոգո՞ւմ, որ 1 միլիոն դրամ լցնում են իրենց մեքենաների մեջ ու ճռռիկներ անում, ոչ մեկին չի հետաքրքրո՞ւմ, որ էս նստարանների հատը 160 հազար դրամով են գնում, մինչդեռ պետք է ավելի ցածր լինեն, որեւէ մեկին չի հետաքրքրում, որ Երեւանի քաղաքապետարանի համակարգում 2 հազար մարդ է աշխատում, աշխատավարձերը ամենամեծ ծախսային բյուջեն է ու դրանց 38 տոկոսը ընտրակաշառքի ցուցակ անողներն են»,–ասել է Նիկոլ  Փաշինյանը։

Նա ասել է, որ Երեւանի քաղաքապետի բյուջեն 30 միլիարդ դրամով ավելացնելու են Սամվել Ալեքսանյանին եւ շատերին պատկանող այն շքեղ առանձնատների գույքահարկով, որոնք հիմա չեն վճարվում բյուջե։

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի իրեն ուղղված այն գնահատականին, թե շոուով է զբաղված,  Փաշինյանը խորհուրդ է տվել Տարոն Մարգարյանից ճշտել՝ արդյոք նա գիտի շոու բառի իմաստը։