«Ելք» դաշինքը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտարարություն է ներկայացրել՝ պահանջելով ոստիկանություն դիմել, որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբերի առջեւ հերթապահություն սահմանվի։ Այս մասին մայիսի 12-ին NEWS.am-ի եւ հայկական «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցների հետ զրույցում հայտարարել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ դաշինքի այս պահանջը նպատակաուղղված է կանխել ՀՀԿ-ի՝ ընտրակաշառքներ բաժանելը։ «Մեզ մոտ արդեն գրանցվել է մի դեպք, երբ Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբում երեկոյան ժամերին ընտրակաշառք է բաժանվել», - ընդգծել է Հովակիմյանը։
Հայտարարությունում նշվող հաջորդ պահանջը գունավոր գրիչներով նշումներով քվեաթերթիկներն անվավեր ճանաչելն է։ «Դա պայմանավորված է նրանով, որ քվեաթերթիկները, որոնք կտրվեն ընտրակաշառք վերցրած ընտրողներին, նշումներ են պարունակում։ Մենք նաեւ պահանջել ենք ապօրինի ճանաչել ծրարները, որոնցում այլ իրեր, մասնավորապես՝ թղթի կտորներ կլինեն»,-նշել է Վահագն Հովհաննիսյանը։ Եւ վերջապես, ԿԸՀ-ից «Ելք» դաշինքի երրորդ պահանջը, համաձայն ընդդիմադիրի, նպատակաուղղված է կանխել ՀՀԿ շտաբներում առկա քվեաթերթիկների ընտրատեղամասերում հայտնվելը։ «Մենք ԿԸՀ-ից պահանջում ենք, որ վաղը, երբ շրջանային ընտրական հանձնաժողովները կստանան ընտրական քվեաթերթիկները, յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողով վիճակահանությամբ որոշի հանձնաժողովի երեք անդամի, որոնք տվյալ ընտրատեղամասի քվեաթերթիկների վրա կնիք կդնեն, որպեսզի դրսից ստացված քվեաթերթիկները, որոնք կներկայացվեն ընտրատեղամասում, տարբերվեն», - եզրափակել է Վահագն Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել՝ պահանջելով դատարան դիմել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող սուբյեկտներից մեկի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
Մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եւ «Ելք» դաշինքի անդամները Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ պահանջել են բացել շտաբի դուռը, քանի որ, ըստ նրանց, այնտեղ կան քվեաթերթիկներ, փող եւ ընտրողների ցուցակներ: Ավելի վաղ այդ շտաբում հարձակման էր ենթարկվել լրագրող Աննա Զախարյանը, երբ տեսանկարահանելիս է եղել շտաբում կաշառք բաժանելու գործընթացը: Երկու երիտասարդ նրա ձեռքից վերցրել են բջջային հեռախոսը, ջնջել տեսանյութը եւ նոր վերադարձրել հեռախոսը: Լրագրող Աննա Զախարյանը հաղորդում է տվել հանցագործության մասին, իսկ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լրագրողի հեռախոսում մնացած ընտրակաշառքի դեպքն արձանագրած մեկ տեսանյութ, որը չեն հաջողեցրել ջնջել Տարոն Մագարյանի շտաբի անդամները: Սույն միջադեպի գործով ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է ընթանում:











