ԿԸՀ անդամները օգտագործվել ու դեն են շպրտվել նրանց նշանակած մարդկանց կողմից։ Այս մասին մայիսի 12-ին հայտնել է ԿԸՀ-ում «Ելք» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ՝ ներկայացնելով դաշինքի դիմումը ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ։
«Ձեզ բոլորից խորհրդարանն է նշանակել, որտեղ մեծամասնությունը կազմում է այդ նույն իշխող ուժը՝ ՀՀԿ-ն։ Հասկանալով այդ ամենը, ինձ համար կարեւոր կլինի, եթե ԿԸՀ անդամները գիտակցեին հետեւյալը։ Ներողություն եմ խնդրում, բայց ես պետք է ասեմ՝ ԿԸՀ նախկին անդամների մեծ մասը հետագայում այնքան էլ լավ ճակատագիր չի ունեցել։ Քանի որ այն մարդիկ, ովքեր ԿԸՀ անդամների թեթեւ ձեռքով մշտապես ստացել են հնարավորություն անել այն, ինչ ուզում էին, խեղաթյուրել մեր երկրի ընտրական գործընթացները ու պահպանել իրենց իշխանությունը, օգտագործել են նրանց ու դեն շպրտել։ Ես ներողություն եմ խնդրում, բայց այդ երեւույթը չի կարելի այլ կերպ նկարագրել»,- ասել է Վահանգն Հովակիմյանը։
Դրան արձագանքելով՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է «Կարծում եմ, որ Հանձնաժողովն ու դրա անդամներից որեւէ մեկը չեն տվել առիթ , որը ձեզ թույլ կտար նման ձեւով պահել։ Դա տգեղ է, մանավանդ ուղիղ հեռարձակման պայմաններում։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչի համար է դա արվում»։











