Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր զեկուցել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացվող միջոցառումների, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձեռնարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ
նախարարը ներկայացրել է, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմինը ձեւավորվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա եւ հաշվի առնելով Սահմանադրության նոր լուծումները՝ ունենալու է ինքնավար մարմնի կարգավիճակ: Նոր մարմինը, ըստ արդարադատության նախարարի, օժտված է լինելու միջազգային չափանիշներին համահունչ անկախության երաշխիքներով՝ դրա անդամները նշանակվելու են Ազգային ժողովի կողմից, իրենց լիազորություններն իրականացնելիս չեն ենթարկվելու որեւէ պաշտոնատար անձի կամ մարմնի, ինչպես նաեւ օգտվելու են անձեռնմխելիությունից: Մարմինը ֆինանսավորվելու է պետական բյուջեից եւ ունենալու է առանձին աշխատակազմ:
Արփինե Հովհաննիսյանը Նախագահին զեկուցել է նաեւ, որ հակակոռուպցիոն մարմնին վերապահվել են այնպիսի նոր լիազորություններ, ինչպիսին են՝ գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրերի վերլուծությունը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անհամատեղելիության պահանջների եւ սահմանափակումների պահպանմանը հետեւելը, կրթական եւ հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելը եւ այլն: Հայտարարագրերի ներկայացման հետ կապված պահանջները խախտելու դեպքում, մարմինն իրավասու է լինելու պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, իսկ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ համապատասխան նյութերն ուղարկելու է դատախազություն:
Արդարադատության նախարարը տեղեկացրել է նաեւ, որ բարեփոխվել են կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող մի շարք ինստիտուտներ, այդ թվում՝ ներդրվել է շահերի հայտարարագրման համակարգ, ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը, հստակեցվել են շահերի բախումները կանխարգելող կանոնները:
Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հանդիպման ավարտին Նախագահը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին պաշտոնավարման ընթացքում նրա գործունեության համար եւ վստահություն հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովում Արփինե Հովհաննիսյանը կաշխատի նույնպիսի եռանդով եւ կլինի նույնքան ակտիվ, որքան կառավարությունում:













