ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին հետաքրքրում է, թե ինչու է ԱԺ նախագահի «Ելք»-ի թեկնածու Էդմոն Մարուքյանը նախկինում հանդես եկել օրինագծով, որ բոլոր պատգամավորները պետք է զենք կրեն:
Այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորը ընդդիմադիր թեկնածուին հարցրեց, թե զենք կրելու պարագայում ինչպես է պատկերացնում խորհրդարանում ձևավորել ավանդույթ՝ բանակցել, քննարկել, անվրդով կարծիք հայտնել:
«Այո, առաջարկել եմ, որ զենք ունենալու, կրելու իրավունք ունենան այնպես, ինչպես նախկինում ունեցել են: Կարծում եմ, որ մեր հինգ տարիների աշխատանքը բոլորի մոտ ստեղծել է այն համոզմունքը, որ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հավասարության կողմնակից է: Երբ ես ասում էի, որ պատգամավորները պետք է զենք կրեն, ես դրան զուգահեռ ասում էի, որ այս շենքում կան պատգամավորներ, ովքեր ունեն զենք, ունեն դա կրելու իրավունք: Երբ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը ծեծի էր ենթարկվում իր շքամուտքում, այդ ժամանակ, կարծում եմ, որ նրա զենք կրելու իրավունքն արգելք կհանդիսանար այն անձի կողմից ոտնձգություն իրացնելու համար, նա մեկ անգամ ավել կմտածեր՝ արժե պատգամավորի մուտքում սպասել նրան, հարվածել»,- պատասխանեց Մարուքյանը:
ԱԺ նախագահի թեկնածուն ընդգծեց, որ ինքը նկատի չունի, որ պատգամավորները պետք է մշտական հանձնաժողովների նիստերի գան զենքով: Ինչ երաշխիք, որ զենքը որպես ինքնապաշտպանության միջոց չի կիրառվի, հետաքրքրվեց Խոսրով Հարությունյանը:
«Երաշխիքը Ազգային ժողովի տարածքի մասին կարգն է, որը հաստատված է նախագահի կողմից, որի համաձայն, չի կարելի խորհրդարանի շենք մտնել զենքով:
Նշենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանն ու «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյանը: 6-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին: Ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արա Բաբլոյանը, որի թեկնածությունը պաշտպանում է քաղաքական մեծամասնությունը:











