Խորհրդարանում այսօր՝ մայիսի 20-ին, «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ կազմում ընդգրկվելուց հետո ոչ թե առաջընթաց է արձանագրել, այլ հետընթաց: Նա հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Խոսրով Հարությունյանին՝ արդյոք չի կարծում, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով առաջիկա 5 տարին Հայաստանը կրկին առաջընթաց չի արձանագրի: Արամ Սարգսյանը Հայաստանի տնտեսության վիճակը համեմատեց հարեւան Վրաստանի տնտեսության հետ, որը դուր չեկավ Խոսրով Հարությունյանին եւ նա հորդորեց տեսնել հարեւան երկրի ոչ միայն դրական, այլեւ՝ բացասական կողմերը:

«Այսօր որեւէ առանձին պետություն այլեւս չի մրցակցում, այսօր մրցակցում են մեգատնտեսությունները: Հայաստանը, ցավոք սրտի, այլ ընտրություն չի ունեցել, բացի ԵԱՏՄ-ն: Եթե մենք դուրս գանք, ԵՄ-ն մեզ, չեմ կարծում, որ գրկաբաց կընդունի: Համոզված եմ, որ ԵԱՏՄ ընդգրկվելը ռազմական որոշում էր, որն արդարացված է: Կան իրողություններ, որոնք ոմանց պետք է բերեն ճիշտ եզրակացությունների: Վրաստանը կորուստներ էլ է տվել, եկեք Վրաստանի վրա չկենտրոնանանք, դա մեզ համար օգտակար չէ»,-ասացԽոսրով Հարությունյանը:

Արամ Սարգսյանը, սակայն, պատասխանեց, որ Խոսրով Հարությունյանին տեսակետի հետ համաձայն չէ, որից հետո սկսվեց նրանց գաղափարական լեզվակռիվը. «Բացարձակապես ձեր տեսակետը չեմ կիսում, ավելին՝ Դուք եւ Ձեր նախագահը հնարավորություն ունեիք համապարփակ առեւտրի եւ ասոցացման համաձայնագիրը ստորագրել, մեկ գիշերվա մեջ հրաժարվեցիք, այնպես որ դասընթացներ անցկացնելն այնքան էլ ճիշտ չեմ համարում»:

Լսելով պատգամավորների լեզվակռիվը, Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Հենց նոր մենք ականատես եղանք երկու վարչապետների գաղափարական բանավեճին»: