Ամբողջ աշխարհի տեսարժան վայրերը, ի հիշատակ Մանչեսթրի ահաբեկչության զոհերի, լուսավորվել են Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով, հողորդում է ՌԻԱ Նովոստին:

Gulf News-ը փոխանցում է, որ ԱՄԷ-ի 800 մետր բարձրությամբ Բուրջ Խալիֆա երկնաքերը նույնպես լուսավորվել է բրիտանական դրոշի գույներով, այս օրինակին հետեւել է Աբու Դաբիի նավթային ընկերության՝ Abu Dhabi National Oil Company-ի (ADNOC) գլխավոր գրասենյակը:

Telegraph-ը հաղորդում է, որ բրիտանական գույներով է լուսավորվել Հյուսիսային Իռլանդիայի Բելֆասթի քաղաքապետարանը:

Ժնեւում՝ հայտնի Ժե-Դո շատրվանները:

Թել Ավիվում նույնպես քաղաքի շենքերից մեկը գունավորվել է բրիտանական դրոշի գույներով:

Չեխիայում համապատասխան գույներով լուսավորվել է Պետրշինսկի աշտարակը:

Manchester Evening News պարբերականը հաղորդում է, որ Բեռլինում բրիտանական ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելու համար ընտրվել են Բրանդենբուրգյան դարպասները:

Իսկ Փարիզի Էյֆելյան աշտարակը, ի հիշատակ ահաբեկչության զոհերի, կեսգիշերին մարել է լույսերը:

Մեկ ժամով մարել են նաեւ Հռոմի Կոլիզեումի լույսերը:

Մանչեսթերում ահաբեկչությունը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Վերջին տվյալներով՝ զոհվել է 22 մարդ, շուրջ 120 մարդ վիրավորվել է: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: