Պերուի մայրաքաղաքի փողոցներում երգ ու ծիծաղ է: Վառ հանդերձներով, կեղծամներով եւ կարմիր քթերով հարյուրավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել նշելու Ծաղրածուի օրը եւ տեղացիներին ուրախացնելու, փոխանցում է NTDTV-ն:
Երկար շարասյունը երփներանգ է տարատեսակ հանդերձների շնորհիվ: Ոչ մի ծաղրածու մյուսին նման չէ: Նրանց շարքերում կան ե՛ւ ուրախ, ե՛ւ տխուր ծաղրածուներ, բայց յուրաքանչյուրը ժպիտ է հարուցում: Այստեղ է նաեւ ֆուտբոլի աստղ Լեոնել Մեսին եւ հմայիչ Սմուրֆեթան, եւ նույնիսկ Կապիտան Ամերիկան:
Պերուում Ծաղրածուի օրն ամեն տարի նշում են մայիսին: Սա ոչ միայն տոն է, այլեւ հարգանքի տուրք ծաղրածուի աշխատանքին: Պերուացիները հատկապես մեծարում են կրկեսի դերասան Խոսե Ալվարեսին, որը հայտնի է եղել 80-ական թվականներին: Նրան ավելի շատ ճանաչում են բեմական անունով՝ Թոնի Փերեհիլ: Նա «Շապիտո» կրկեսի կազմում ելույթ է ունեցել տարբեր քաղաքների աղքատ շրջաններում:
Պերուացիները հույս ունեն, որ ծաղրածուի օրը երբեւէ երկրում պաշտոնական տոն կդառնա:











