Հայաստանն այժմ գնում է 3.2 տոկոս տնտեսական աճ գրանցելու ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Մենք գրեթե մոտենում ենք միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծման աշխատանքների ավարտին, հուլիսին այն հանրության դատին կհանձնվի», - ասաց նախարարը՝ հավելելով, որ ապագա տարիների համար նախատեսում են շատ ավելի բարձր տնտեսական աճ՝ 4.7-ից մինչև 5.7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշներ։
«Այս տարի նախատեսել ենք 3.2 տոկոս տնտեսական աճ: Մեր ջանքերը գործածելու ենք, որպեսզի 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշից մի-փոքր ավելի բարձր կազմի», - նշեց Վարդան Արամյանը:
Հարցին, թե տնտեսական աճի գործոնները որտեղից են գալու, նախարարը պատասխանեց, որ աճի գործոնները գալու են ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին տնտեսության զարգացումներից. «Առայժմ սցենարներն այնպիսին են, որ եւ մեր առեւտրային գործընկերների մոտ հնարավոր է մի փոքր բարձր տնտեսական աճի ցուցանիշներ լինեն, օրինակ ՌԴ-ում այժմ խոսում են 1,5-2 տոկոս տնտեսական աճի մասին, մինչդեռ մեկ տարի առաջ խոսում էին 0,8-1 տոկոս աճի մասին»:











