Հնդկաստանում ամուսինները 26 տարի են ծախսել՝ անուշադրության մատնված հողատարածքն արեւադարձային անտառի վերածելու համար, որտեղ կենդանիների հազվագյուտ եւ անհետացող տեսակներ են ապրում:
Պամելա Գեյլ Մալհորտն ու նրա ամուսինը՝ Անիլ Մալհորտը, Sai արգելոցն են ստեղծել՝ միակ վայրի բնության մասնավոր արգելոցը Հնդկաստանում: Սկսել ե ն աշխատել 1991 թվականից, եւ հիմա անտառն ավելի քան 121 հեկտար տարածք է զբաղեցնում: Այն տուն է դարձել ֆլորայի եւ ֆաունայի շուրջ 200 անհետացող տեսակների ներկայացուցիչների համար, որոնց թվում են բենգալյան վագրն ու ասիական փիղը: Այս մասին գրում է Bored Panda-ն:
«Երբ առաջին անգամ եկանք այստեղ, հողերի մեծ մասը, որ մեզ վաճառեցին, անտերության էր մատնված: Լքված բրնձի դաշտեր, սուրճի տնկադաշտեր: Շատ ուշադրություն եւ ժամանակ, էներգիա էր անհրաժեշտ ու բազմաթիվ տարիներ՝ անտառը վերականգնելու համար»,- Great Big Story-ին տված հարցազրույցում պատմել է Պամելան:
Հնդկաստանի Կոդագու շրջանում, որտեղ գտնվում է արգելոցը, անտառապատ տարածքները կտրուկ նվազել են՝ 1970 թվականի 86%-ից ներկայում հասնելով 16%-ի: Հիմա ամուսինների շնորհիվ այստեղ անտառ է հայտնվել, որտեղ կենդանիները կարող են ապաստան գտնել:
«Հիշում եմ, թե ինչպես էինք քայլում այս վայրերով եւ ոչինչ չէինք լսում՝ մեր սեփական քայլերից բացի: Հիմա անտառն ապրում է, այն լցվել է տարատեսակ ձայներով»,- ասել է Պամելան:













