Համացանցային շորթման տեսակներից «Sex tortion»-ը (Սեքս ոլորում) առաջին անգամ Հայաստանում գրանցվել է 2013-14 թվականներին: Սրա էությունը հետեւյալն է. հանցագործը, հիմնականում իգական սեռի ներկայացուցիչ, որեւէ սոցիալական ցանցի միջոցով կապվում է իր զոհի հետ, տարբեր ձեւերով գայթակղում նրան, սկայպի միջոցով սկսում են շփվել, որի ժամանակ մերկանում են, կատարում որոշակի գործողություններ, որոնք բնորոշ են սեռական հարաբերություններին: Հանցագործը, օգտվելով զոհի անտեղյակությունից, տեսանկարահանում է ողջ ընթացքը:

Դրանից 10-15 րոպե անց, հանցագործը արդեն սոցիալական ցանցի միջոցով տեղեկացնում է, որ ինքը ամբողջ ընթացքը նկարահանել է եւ զոհից պահանջում 200-500 դոլարի չափով գումար:

Այս տարվա փետրվարի 11-ին, ոստիկանություն է դիմել մի ուսանող եւ պատմել, որ սոցցանցերից մեկում Ալինա Ֆայզուլինա անվամբ օգտատերը իրեն առաջարկել է փոխանակվել մերկ լուսանկարներով, որից հետո դրանք իր ընկերներին չփոխանցլու դիմաց պահանջել է էլեկտրոնային ճանապարհով փոխանցել 4 հազար ռուբլի:

Մեկ այլ դեպքում, փետրվարի 23-ին, 21-ամյա մի աղջիկ դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ անհայտ անձը «Օդնոկլասնիկի» կայքում տեղադրել է իր լուսանկարները եւ հայտնել, որ պոռնո կայք կբացի այդ լուսանկարներով: Պարզվել է, որ անհայտ անձը պահանջել է իր կայքէջին ուղարկել բջջային հեռախոսի լիցքավորման հազար դրամանոց երեք քարտի համարներ: Աղջիկը կատարել է պահանջը: Մայիսի 28-ին 28-ամյա Գագիկը հաղորդում է տվել, որ նույն օրը գիշերը համացանցի «Օդնոկլասնիկի» կայքի «Նարեկ սիմպո» էջի օգտատերը իր մերկ լուսանկարները համացանցում հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է 190 հազար դրամ: