Հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքի ընդունման քննարկումների եւ  ծխախոտի գնի բարձրացման մասին այսօր՝ հունիսի 3-ին, NEWS.am-ը հարցում է անցկացրել Երեւանի տարբեր հատվածներում՝ պարզելու, թե քաղաքացիները տեղյա՞կ են արդյոք, քննարկվող օրինագծի մասին, ի՞նչ դիրքորոշում ունեն ծխախոտի թանկացման վերաբերյալ, կազդի այդ օրենքը ծխող պաշտոնաների վրա:

Թեեւ հարցման մասնակիցներից մեծ մասն օգտագործում էր ծխախոտ, այնուամենայնիվ հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքի ընդունմանը դեմ չէին, իսկ ծխող պաշտոնյաների վրա օրենքն ազդելու մասով, քաղաքացիների պատասխանները տարբեր էին:  Մի քաղաքացի, օրինակ՝ նշեց, որ դա անհատի կարգապահությունից է կախված՝ անկախ պաշտոնից:

Եղան նաեւ կտրուկ պատասխաններ. «Պաշտոնյաների վրա ոչ մի բան չի ազդում ուր մնաց ծխելու արգելքը»:

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի արտահայտությանը, թե ծխող մարդիկ անհաջողակ են, հարցման մասնակիցները տարբեր կերպ մեկնաբանեցին՝ նշելով որ հաջողակ լինելը ծխելու հետ կապ չունի:

Հարցման մասնակիցներից մի նկարիչ էլ նկատեց, որ ծխում էին Համո Սահյանը, Պարույր Սեւակը, Վիլյան Սարոյանը: «Պարույր Սեւակը ծխախոտը ձեռքին էր քնում: Վիլյամ Սարոյանին երբ ասել են, որ ծխելը վնաս է, պատասխանել է. «Վնաս է այն մարդու համար, ով ուզում է, բայց չի ծխում»: Հիմա ես չեմ կարող թարգել, ուրեմն պետք է նկարչությունը թարգեմ»,-ասաց նա: