Իշխանափոխություն չի լինի Հայաստանում, որովհետեւ մեր ժողովուրդը հեղափոխական չի, որովհետեւ գիտի որ չի լինի: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե ինքը պայքարելու է իշխանափոխության համար, և խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի:
«Ինքն էլ գիտի, որ իշխանափոխություն չի ըլնի: Մտքով անցել ա, ասում ա, ես էլ շատ բան կարամ ասեմ», ասաց նա:
Հարցին, թե եթե Սեյրան Օհանյանն իրեն դիմի որպես մարտական ընկեր, կաջակցի՞, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ես իշխանության մեջ եմ, ոնց որ դու գաս մեր տուն, ասես՝ դու տնից հելի դուրս, ես գամ, կըլնի՞ ըտենց բան: Հո խայտառակ չենք»:
Սեյրան Սարոյանն անդրադարձավ նաև Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին, թե պետք է երկում փոփոխություններ անել ու հեռացնել իշխանություններին. «Էդ ա, Գավրոշն ա, հեսա հեղափոխություն կանի»,- հեգնեց Սարոյանը:
Նա նշեց, որ երկրում հեղափոխություն անելու կարիք չկա: «Դուք չեք տենո՞ւմ, որ չկա»,- ասաց նա:











