Ժողովուրդը պետք է ընտրություն կատարի եւ հասկանա՝ արդյոք կցանկանա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնում կրկին տեսնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը՝ նշելով, որ Պոլսո պատրիարքի ընտրություններում  թեկնածությունն առաջադրելը արքեպիսկոպոս Աթեշյանի կամքն ու իրավունքն է եւ միայն նա է պատասխանատու այդ որոշման համար:

«Անձը որոշ բաների հետ նույնանում է եւ ժամանակի ընթացքում դրանք նրա կյանքի իմաստն է դառնում՝ ձիրքը, տիտղոսը եւ հիմա էլ սրբազան Արամ Աթեշյանի իրավունքն է՝ դնել իր թեկնածությունը, այս պարագայում ժողովուրդը պետք է կատարի իր ընտրությունը: Այլ բան է, որ ժողովրդի մեծ մասը գոհ չէ այս որոշումից, սակայն, Արամ Սրբազանն էլ թեկնածությունը դնելու իրավունք ունի եւ այս հարցում ինքն է պատասխանատու»,-ասաց նա:

Սահակ եպիսկոպոս Մաշալյանի խոսքով, հայտնի են Պոլսո պատրիարքի հավանական թեկնածուներից միայն 4-ի անունները, սակայն, կա 7 եկեղացական, որոնք իրավունք ունեն իրենց թեկնածությունն առաջադրելու: Թե հայտնի որ թեկնածուներից ավելի մեծ շանսեր որ մեկն ունի, Սրբազանը անուն չտվեց՝ նշելով, որ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի:

«Պոլսո պատրիարքի հավանական թեկնածուների անուններ կան արդեն, այժմ թեկնածուի անունը կրող 7 եկեղեցական ունենք, բայց դեռ 4-ի անունն է հայտնի, որոնցից մեկը ես եմ, մյուսը՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, սրբազան Արամ Աթեշյանն ու սրբազան Սեպուհ Չուլջյանը:  Հստակ չգիտենք, թե երբ տեղի կունենան ընտրությունները, սակայն, մինչեւ տարեվերջ արդեն նոր պատրիարքին ընտրած կլինենք: Նախ պետք է ընտրությունները նախաձեռնող մարմին կազմվի, որի ներկայացուցիչների մեծ մասն աշխարհականներ կլինեն: Պատրիարքի ընտրությունները պետք է ժողովրդական ընտրություններ լինեն, պետք է թեկնածուների ընտրարշավ սկսվի եւ այս ամեն ինչը առնվազն 4-5 ամիս կտեւի»,-ասաց նա:

Սահակ եպս. Մաշալյանը նշեց, որ հայ եկեղեցին իրավունք չունի պատրիարքի թեկնածուներից որեւէ մեկին նախապատվություն տալու, քանի որ ընտրությունը պետք է ժողովուրդը կատարի. «Որպես եկեղեցի թեկնածուներից ինչ-որ մեկին առաջարկել, կամ նախընտրել, չի կարելի, սակայն, եկեղեցականներն իրենց սրտում անպայման իրենց նախընտրած թեկնածուն կարող են ունենալ: Հայ առաքելական եկեղեցին այս առումով կամք չի հայտնել, նույնիսկ Վեահափառը բացեիբաց իր կամքը չի հայտնել՝ ժողովրդի կամքը հարգելու համար»:

Սրբազանը նաեւ նշեց, որ այժմ Պոլսո պատրիարքի տեղապահի պաշտոնը ստանձնած Գերմանիայի հայ թեմի առաջանորդ Գարեգին Բեքչյանին այժմ փոխարինում է նրա  օգնական՝ հայր Սերոբե Իսախանյանը եւ Գերմանիայի թեմի առաջնորդի ընտրությունները տեղի կունենան 6 ամիս անց. «Հայր Սերոբ Իսախանյանը գործերն արդեն  վարում է, իսկ 6 ամիս անց արդեն թեմական ընտրություն պետք է կատարվի եւ պարզ կլինի, թե ով կլինի Գերմանիայի թեմի առաջնորդը: Ընտրությունը կրկին ժողովուրդն է կատարելու»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 24-ին հրաժարական է տվել: