Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկած երթը՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի, ավարտվեց Երեւանի Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ, որտեղ այսօր պետք է կայանա գործով առաջին դատական նիստը։
NEWS.am- ի թղթակիցը հաղորդում է որ, երթի մասնակիցները մի քանի րոպե կանգնել են ոստիկանության ՊՊԾ գնդի շենքի դիմաց եւ վանկարկել՝ «Սասնա ծռեր», «ամոթ», «ազատություն Սասնա ծռերին»։ Երթի մասնակիցներից մեկն էլ, ջրի շիշ է նետել ՊՊԾ գնդի դարպասներից այն կողմ։
Այս պահին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքը հսկվում է բազմաթիվ ոստիկանների կողմից, այստեղ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ոստիկանները դատարանի շենքի դիմաց տեղադրված պատնեշների մոտ շարք են կանգնել եւ հսկում են երթի մասնակիցներին, որոնց համապատասխան ստուգումից հետո թողնում են դատարանի շենք։
Քիչ անց դատարանում կմեկնարկի «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատավարությունը։












