Հայաստանը, ինչպես նախկինում, անհրաժեշտ է համարում 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կնքված համաձայնագրերի իրականացումը։ Այս մասին հունիսի 8-ին, Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան կայանլիք այցը մեկնաբանելու խնդրանքին։

Վիեննայում հանդիպմանը կրկին հաստատվել է մոտեցումը, որ քանի դեռ կողմերի միջեւ վստահություն չկա, բանակցություններում առաջընթացի մասին խոսել անհնար է։ Իսկ վստահության համար անհրաժեշտ, սակայն չբավարարվող պայման է շփման գծում հրաձգությունների ու սադրանքների դադարեցումը։ 2016 թվականին Վիննեայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում հենց այդ մասին է խոսվել, հիշեցրեց Քոչարյանը։

Մայիսին՝ վերջին միջադեպի շուրջ ԵԱՀԿ միջնորդների հայտարարությունը, որտեղ Ադրբեջանը որպես սադրիչ կողմ է նշվել, միայն արձանագրել է իրականությունը, հավելեց նա։

Պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն։ Տարիներ շարունակ Բաքուն փորձում է սուր ճոճել։ Եւ շփման գծում գործողությունները անհանգստության պատճառ են դառնում առաջին հերթին միջնորդ երկրների շրջանում, քանի որ եւ Ռուսաստանը, եւ Ֆրանսիան, եւ ԱՄՆ-ն, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջազգային անդամներ, աշխարհի ցանկացած անկյունում պատասխանատու են խաղաղության համար։ «Այդ պատճառով նրանք անկայունությունը կանխելու քայլեր են ձեռնարկում, որը, կարծում եմ, այս տարածաշրջանում, ոչ ոքի պետք չէ»,-հայտարարեց Քոչարյանը։