Հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլեւ համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական եւ սադրիչ քաղաքականությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Ռիչարդ Հոգլանդի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը եռանախագահների ներկայությամբ համաձայնություն ձեռք բերվեց մամուլի հաղորդագրության միանման տեքստի վերաբերյալ, ինչը եւ հրապարակվեց Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ների կողմից, իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը, ըստ ավանդույթի, ոչ միայն չկատարեց պայմանավորվածությունը, այլեւ հանդես եկավ անհեթեթ մեկնաբանությամբ, թե իբր Մոսկվայի հանդիպմանը արտգործնախարարները ոչ թե կարեւորել են նախորդ տարվա գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացումը, այլ՝ բանակցություններին քննարկվել են գագաթաժողովներին կայացած բանակցությունները։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ, թեեւ մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլեւ անել լրիվ հակառակը: Նախարարի բնորոշմամբ՝ հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլեւ համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական եւ սադրիչ քաղաքականությունը: