ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը բաց նամակ էր ուղղել վարչապետին եւ տեղեկացրել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում տեղի ունեցող չարաշահումների մասին: Նամակում դժգոհությունները հիմնականում նորանշանակ տնօրեն Վահան Զուրաբյանի գործելաոճին են ուղղված. նրան մեղադրում են ագրեսիվ վարքագիծ դրսեւորելու, «ծերերին տեռորի ենթարկելու» մեջ. տուն-ինտերնատի տնօրենը տարբեր կամայականություններ է անում, ստիպում աշխատակիցներին առողջ ծերերին ձեւակերպել հոգեկան հիվանդ՝ նրանց ծերանոցից հոգեբուժարան տեղափոխելու նպատակով:

Վահան Զուրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նամակում հնչեցված մեղադրանքների կապակցությամբ հունիսի 5-ին գրություն է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պարզելու հանցագործության տարրեր պարունակող տեղեկությունների իսկությունը:Նրա խոսքով, արդեն քննություն է սկսվել հանգամանքները պարզելու համար:

«Դրա համար անձամբ դիմել եմ իրավապահներին, արդեն եկել են քննիչները, զրուցել բնակիչների հետ՝ կլինեմ մեղավորը ես, թե մեկ այլ աշխատող, եթե մեղավոր եմ, թող պատժեն», - ասաց Զուրաբյանը:

Վահան Զուրաբյանը նաեւ նշեց, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն զբաղվում է նամակում բարձրացված խնդիրներով:

Մեզ հետ զրույցում տուն-ինտերնատի 50-ամյա բնակչուհի Ժաննա Հարությունյանը նշեց, որ նամակում բարձրացված խնդիրների մասին նա է տեղեկացրել ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնին եւ խնդրել բաց նամակ ուղղել վարչապետին: Նրա խոսքով, տուն-ինտերնատում կան խնդիրներ կապված սննդի, չարաշահումների եւ բնակիչների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված, որոնց մասին արդեն մի քանի անգամ բարձրաձայնում է, սակայն, այդպես էլ ոչինչ չի արվում:

«Ես ինքս էլ եմ դիմել իրավապահներին, որ գան ստուգումներ անցկացնեն, բացահայտեն, թե ինչ է կատարվում: Այստեղի բժշկուհի Գոհարը մեր դեղերից պահում է եւ դրանք դուրս հանում ծերանոցից, ես առաջ էլ եմ բարձրաձայնել այս մասին, սակայն, ոչ մի քայլ չի կատարվել: Հիմա էլ դիմել եմ տնօրենին, ինձ ասում է՝ կոնկրետ փաստերով խոսի, ես նկարել, տարել ցույց եմ տվել նրան, թե ինչպես է բժշկուհին մեզ հատկացվող պամպերսները պահում, որ իրենով անի, ցույց եմ տվել, սակայն, ոչ մի բան չի արել տնօրենը»,-ասաց տիկին Ժաննան:

Նրա խոսքով, քննությամբ ամեն ինչ կպարզվի եւ պատասխանատվության կենթարկվեն նրանք, որոնք մեղավոր են ստեղծված իրավիճակի համար:

Նշենք, որ մեզ հետ զրույցում տուն-ինտերնատի բնակիչների մեծ մասը հերքեց նամակում բարձրացված խնդիրները՝ նշելով, որ գոհ են նորանաշանակ տնօրենի գործելաոճից: