Երեւանի Հանրապետության հրապարակից Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ երթուղու առաջին ուղեւորներից մեկը ռուս զբոսաշրջիկ է եղել: NEWS.am-ի հետ զրույցում ավտոբուսի վարորդ Վարդան Մնացականյանը նշեց, որ զարմացել է, երբ իրեն է մոտեցել օդանավակայանից դուրս եկած զբոսաշրջիկը եւ հարցրել 300 դրմաով Երեւան տեղափոխող ավտոբուսի մասին:

«Հետո իմացա, որ տեղեկատուից տեղեկացել էր, որ 300 դրամով ուղեւորափոխադրում ենք անում, միանգամից մոտեցավ, Վազգեն Սարգսյան փողոց էր ուզում հասնել եւ այնտեղ իջեցրինք: Շատ գոհ էր, ուրախացել էր, ասում էր, որ 15 տարի առաջ էր Հայաստան եկել, բայց ամեն ինչ այլ էր եղել, ավելի բարդ, հիմա ասում ա՝ ամեն ինչը հեշտացել է»,-պատմեց վարորդը:

Վարդան Մնացականյանի խոսքով, այսօրվա ընթացքում արդեն հասցրել է մի քանի տասնյակ ուղեւոր փոխադրել, նրանց հիմնական մեծ մասը գոհ է եղել, սակայն, եղել են նաեւ փոխադրավարձի հետ կապված առաջարկություններ անողներ. «Ասում էին, որ ամեն ինչ շատ լավ է, բայց 200 դրամ որ դարձնեք՝ շատ լավ կլինի»:

Տաթեւիկ Ավետիսյանը եւս «Զվարթնոց» օդանավակայան-Երեւան ավտոբուսի առաջին ուղեւորներից է. նա ամուսնու հետ օդանավակայան էր եկել որդուն արտասահման ճանապարհելու: Նրա խոսքով, օդանավակայան էին հասել տաքսիով, սակայն, դուրս գալուց արդեն տեղեկացել էին գործող ավտոբուսի մասին եւ որոշել օդանավակայանից Երեւան վերադառնալ ավտոբուսով:

«Շատ լավ գաղափար է, գինն էլ է հարմար: Պայմանները, ամեն ինչ լավ է, գոհ ենք: Լավ է, որ հնարավոր է այսուհետ օդանավակայանից Երեւան հասնել 300 դրամով, բոլորը չեն, որ հնարավորություն ունեն այդքան տաքսիի գումար տալ մի քանի կիլոմետր հասնելու համար»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ երթուղին աշխատում է  24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։

Ուղեւորափոխադրումները իրականացվում են Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից` գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով եւ օդափոխիչներով։

Փոխադրավարձը մեկ ուղեւորի համար 300 դրամ է։