Երեւանի Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականները ամեն օր սպասում են, թե երբ են իրենց դուրս հանելու տարածքից։   Քաղաքապետի տված մեկ շաբաթվա վերջնաժամկետից արդեն մի քանի օր անցել է, սակայն առեւտրականները շարունակում են են մնալ եւ առեւտուր իրականացնել տոնավաճառում։

«Իրենց ձեռքն ա։ Մի շաբաթ էին տվել, որ դուրս գանք, բայց դե դեռ ստեղ ենք։ Չգիտենք, կարող ա մեկ էլ մի անգամից մտնեն ու դուրս հանեն մեզ»- NEWS.am-ին ասաց առևտրականներից մեկը։

Երեւանի քաղաքապետարանը առեւտրականներին երկու տարբերակ է առաջարկում՝ տեղափոխվել կամ Խաչատուր Սուքիասյանի հիմնած «Երեւան» տոնավաճառ, կամ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»:

Առևտրականների համար, սակայն, այս տարբերակներն ընդունելի չեն․ նրանք վախենում են, որ տեղափոխվելուց հետո կկորցնեն 15 տարվա ընթացքում ձեռք բերած մշտական հաճախորդներին, բացի այդ՝ չեն  կարող մրցակցել մոլերի ներկրողների հետ, քանի որ Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականների մեծ մասը վերավաճառողներ են։

 «Օրինակ՝ իրենց ասած Առինջ մոլի հետ ես չեմ կարա մրցակցեմ, նրանք Չինաստան են գնում, ես իմ ստեղի ապրանքը հենց Առինջ մոլից եմ բերում։ Իսկ իմ կոտրված մանեկենը չեն թողնի դնեմ նոր տոնավաճառներում»,- ասաց մի տղամարդ։

Նույնիսկ քաղաքապետարանի առաջարկը՝ վերոնշյալ մոլերի հետ բանակցել՝ առեւտրականներին որոշ ժամանակով անվճար տեղեր տրամադրելու շուրջ, Ֆիրդուսի առեւտրականներին ձեռք չի տալիս՝ հաշվի առնելով լրացուցիչ ծախսերը եւ շահույթի ակնկալվող կրճատումը։ Այնուամենայնիվ, այս հարցն էլ դեռ քաղաքապետարանը վերջնական չի լուծել։

Ֆիրդուսցիները մինչեւ տարեվերջ ժամանակ են խնդրում, որպեսզի գոնե կարողանան իրենց ունեցած ապրանքն ու սեզոնային հագուստը վաճառել։

 «Եթե Ֆիրդուսը փակեն, բոլորը ճգնաժամի մեջ կհայտնվեն, որովհետև բոլորը բանկերի հետ խնդիր կունենան, վարկեր, պարտքեր ունեն»,- ասաց առևտրականներից մեկը։