Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է այն 18 մարդու անունները, որոնց դեմ առաջադրվել են մեղադրանքներ ՝ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար։
Նրանցից երկուսը՝ Ջալալ Հայրաբաոին ու Անթեն Նեկմին, կալանավորվել են ու մեղադրվել մայիսի 16-ին հարձակման օրը, եւս երկուսը նախօրեին են կալանավորվել։
Armenian Weekly-ի հարցին պատասխանելով՝ Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հայտնել է,որ քննիչնեը ուսումնասիրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերը մայիսի 16-ի միջադեպում, բայց նշել է, որ չնայած առկա տեսագրություններին ու այլ ապացույցներին, դեռ չկա բավականաչափ հավաստի պատճառ նրա կալանավորման համար։
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերն էլ իր հերթին նորից դատապարտել է Թուրքիայի նախագահի թիկնապահների վարքագիծը։ «Դա վիրավորանք էր մեր արժեքների հանդեպ՝ որպես Վաշինգտոնի բնակիչների ու ամերիկացիների ու ակնհայտ հարձակում առաջին հոդվածի վրա»,- հայտնել է նա
Քաղաքապետը շեշտել է, որ միլիոնավոր մարդիկ են Վաշինգտոն գալիս,որպեսզի իրենց բողոքն արտահայտել իրենց երկրի դեսպանատան առջեւ։ «Մենք աջակցում ենք նրանց, մենք հետեւում ենք, որ նրանք անվտանգության մեջ լինեն, նաեւ հետեւում ենք, որ նրանք պահպանեն մեր օրենքները»,- հավելել է Բաուզերը։
Ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ տրվել է 14 մարդու կալանավորման թույլատվություն։ Նրանք մեղադրվում են մարմնական վնասվածքներ հասցնելու, հարձակման կամ հարձակման փորձի մեջ։











