Երեւանի ավագանու արտահերթ նիստին, այսօր՝ հունիսի 16-ին, առաջին անգամ մասնակցում է «Երկիր Ծիրանի» խմբակցությունը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստն ընթանում է լարված մթնոլորտում: Երեւանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցի քննարկման ողջ ընթացքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները տարբեր հարցեր են հղում Տարոն Մարգարյանին եւ թեկնածուներին, ինչն ակնհայտորեն դուր չի գալիս ավագանու ՀՀԿ-ական անդամներին: Նրանք տեղից անընդհատ ռեպլիկներ են անում:
Նշենք, որ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը բարձրացրեց նաեւ գրանցման համար նախատեսված կոճակների անսարք լինելու հարցը: Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի հարցին, թե ինչո՞ւ չեն աշխատում այդ կոճակները, Տարոն Մարգարյանը յուրաօրինակ պատասխան տեց. «Որովհետեւ չեն աշխատում: Այդ աղջկա միկրոֆոնը պետք է անջատել»:
Սրան տեղից արձագանքեց Զարուհի Փոստանջյանը նշելով. «Այստեղ աղջիկներ չկան, այստեղ բոլորը Երեւանի ավագանու անդամներ են»:
Նշենք, որ այսօր Երեւանի ավագանու նիստում պետք է ընտրվեն քաղաքապետի տեղակալները: Ըստ նախնական տեղեկությունների, բոլոր տեղակալները վերընտրվելու են:











