Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզված է, որ այսօրվա ավագանու արտահերթ նիստը լարված չի անցել, եղել է «հաճելի» նիստ:
Ավագանու նիստից հետո լրագրողները Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք զգացել է «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոստացած դժոխքի շունչը»:
«Ուզում եք ասեմ, որ ձեռքբերում ունե՞նք, իրենք պետք է ուրախ լինեն, որ մասնակցում են եւ մասնակից են դառնում քաղաքային տնտեսության կառավարմանը, հարցեր են բարձրացնում, հարցերի պատասխաններ են ստանում: Ինչ վերաբերում է դժոխքի հարցին, ինքներդ էլ տեսաք, որ հաճելի նիստ էր, շատ դեպքերում մեր գործընկերներին ավելի մանրամասն ներկայացնում ենք քաղաքային տնտեսության կառավարումն ու այլ հարցեր»,- ասաց նա:
Տարոն Մարգարյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե եղել են փոխադարձ վիրավորանքներ, ընդհառակը քննարկումներ էին տեղի ունենում. «Հանրապետական խմբակցության, քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները հստակ հիմնավորմամբ որոշումների նախագծեր էին ներկայացրել: Մենք պատրաստ ենք միշտ էլ քննարկել: Եթե եկել են միայն մեր առաջարկություններին ցեխ նետելու, մենք չենք հանդուրժելու, բայց եթե փորձելու են իրենց առաջարկություններով հանդես գալ, պատրաստ ենք քննարկելու»:
Հարցին, թե ինչպես են առաջիկա հինգ տարիներին դիմանալու Զարուհի Փոստանջյանի եւ նրա խմբակցության ցուցաբերած ակտիվությանը, Երեւանի քաղաքապետը կրկին չհամաձայնվեց. «Այդքան մեծ ակտիվություն չնկատեցի ես, դուք այլ ձեւով եք պատկերացնում ակտիվությունը, ես՝ այլ: Բարդություն չնկատեցի ես, այդքան բարդություն չկար: Իրենց բարձրացրած հարցերին կային հստակ պատասխաններ, հստակ ուղղություններ»:
Նշենք, որ այսօր առաջին անգամ էր «Երկիր Ծիրանին» մասնակցում ավագանու նիստին: Նիստն անցել է լարված մթնոլորտում:











