Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն «այդքան էլ լուրջ» չի վերաբերում այն փաստին, որ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պատրաստվում է դատի տալ իրենց հունիսի 12-ին տեղի ունեցած հեղեղման համար: 

«Այդքան լուրջ չեմ վերաբերում, քանի որ նման մոտեցումով չեն կարող Երեւան քաղաք կառավարել, այն քվեն, որ ստացել են, այդ մոտեցումով չեն կարող կառավարել: Եթե խնդիր կա, թող գան, միասին լուծում տանք: Ինչ վերաբերում է տեղումներին, օդերեւութաբաններն արդեն դրա պատասխանը տվել են: Այո, ջրի կուտակումներ եղել են: Իմ կողմից եղել է հանձնարարական, առաջարկություն, որ պատասխանատուներն ուսումնասիրեն, այն խրոնիկ վայրերում, որտեղ խնդիր կա, փորձենք լուծում տալ»,- այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հունիսի 15-ին հայտարարել էր, որ դատական գործընթաց են նախաձեռնում:

«Հաշվի առնելով, որ բազմաթիվ երեւանցիներ տուժել են Երեւանի քաղաքային իշխանությունների հանցավոր անգործությունից` նրանց պատճառվել է էական վնաս,եւ հաշվի առնելով, որ  հորդառատ անձրեւները կարող են կրկնվել ու տեւել մի քանի օր, ինչը կարող է պատճառ դառնալ նաեւ անդառնալի վնասների ու կորուստների:

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնում նախաձեռնել դատական գործընթաց Երեւանի քաղաքային  իշխանության անունից հանդես եկող Տարոն Մարգարյանի անօրինական գործունեության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ: