«Սասնա ծռերի» գործով առանձնացված մասով դատական նիստին այսօր՝ հունիսի 21-ին, փաստաբաններից շատերը հրաժարվեցին թույլ տալ խուզարկել իրենց եւ չկարողացան մտնել նիստերի դահլիճ, ինչի պատճառով դատավոր Արտուշ Գաբրիելյանը ստիպված էր 1 ժամ ընդմիջում հայտարարել:
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած արտագնա նիստին սկզբում ներկայացել էին ընդամենը երկու փաստաբան՝ Արմինե Ֆանյանն ու Արա Ղարագյոզյանը: Վերջինս պնդեց, որ իրեն ոչ զննել են, ոչ խուզարկել: Նշենք, որ ուսապարկով էր նա ներկայացել դատին, իսկ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանն էլ դատարան էր եկել առանց պայուսակի եւ նշեց, որ իրեն չեն խուզարկել: Հետաքրքրական է, որ առանց պայուսակի էր դատարան եկել գործով նաեւ մեկ այլ հանրային պաշտպան՝ Մարինե Ֆարմանյանը: NEWS.am-ի հետ զրույցում Մարինե Ֆարմանյանը, որն ամբաստանյալ Խաչատուր Գիշյանի շահերն է պաշտպանում, նշում է, որ իրեն էլ փորձել են անձնական զննության ենթարկել, երբ տեսել են, որ առանց պայուսակի է:
«Նախորդ անգամ ես իմ պայուսակը բացեցի, փակեցի, որ հնարավորություն ունենամ մուտք գործել նիստերի դահլիճ եւ տեղեկանամ իմ պաշտպանյալի առողջական վիճակի մասին: Ընտանիքն ինձ ահազանգել էր, որ իմ պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ, ես շտապեցի դեպի դահլիճ հենց այս պատճառով: Պայուսակս նույնիսկ չնայեցին, ընդամենը բացել, փակելու գործընթաց էր, բայց անձնական զննության պահանջ չներկայացվեց, այսինքն զննությունն անուղղակի կերպով չվերածվեց խուզարկության: Այսօր առանց պայուսակի էի ներկայացվել, բայց ցանկացան ինձ անձնական զննության ենթարկել: Ես թույլ չտվեցի: Սա փաստաբանների գործողությունների նկատմամբ ակնհայտ խոչընդոտների ստեղծում, թե ինչու, չգիտեմ»,- ասում է Մարինե Ֆարմանյանը:
Փաստաբաններին սկսել են խուզարկել բոլորովին վերջերս: Չնայած համապատասխան մարմինները պնդում են, որ սա ընդամենը զննություն է, փաստաբանները համաձայն չեն: Ամբաստանյալներ Էդվարդ Գրիգորյանի եւ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշում է, որ նախկինում բազմիցս քաղաքական դատավարությունների է մասնակցել, սակայն նման բան երբեք չի եղել:
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու են նման կերպ ոտնահարվում փաստաբանների իրավունքները: Ակնհայտ է, որ փաստաբանները թույլ չեն տա, որ իրենց իրավունքները ոտնահարվեն: Ես ինքս չեմ պատրաստվում խուզարկվել, որովհետեւ զննության անվան տակ խուզարկություն են անում: Սա նշանակում է, որ փաստաբանները ներս չեն մտնելու նման պայմաններում, իսկ դատական նիստ էլ տեղի չի ունենալու, ըստ էության ամեն ինչ անում են, որ դատական նիստեր տեղի չունենան»,- ասում է Լուսինե Սահակյանը:
Փաստաբանը հիշեցնում է, որ այս իրավիճակը նոր է ստեղծվել. օրեր առաջ հուլիսյան իրադարձությունների գործով մեղադրյալ Արմեն Միքայելյանի գործով դատական նիստից առաջ Վերաքննիչ քրեական դատարանում փորձել են իրեն խուզարկել: Փաստաբանների խուզարկություններ են սկսվել կատարվել նաեւ քրեակատարողական հիմնարկներում:
«Մենք առաջարկել ենք համապատասխան սարքավորումների միջոցով իրականացրեք ձեր զննությունը, որ մեր իրավունքները չոտնահարվեն: Նույն Վերաքննիչն ունի այդ սարքը տեղադրած, դրանով չեն անում, փորձում են խուզարկել: Սա հանգեցնում է նաեւ մեր պաշտպանյալների պաշտպանական իրավունքների խախտում: Նախկինում նման իրավիճակ լինել չէր կարող, որովհետեւ եթե նույնիսկ լիներ փաստաբանի խուզարկության դեպք, սա կկանխվեր, որովհետեւ Փաստաբանների պալատը լուրջ դիրքերում էր: Այսօր Պալատի թուլացմամբ է պայմանավորվախծ, որ համատարած ոտնահարվում են փաստաբանների իրավունքները: Եվ Պալատի թուլացումը, իր պարտականությունների չկատարումը, եւ ոստիկանության ամբողջ համակարգի մարդու իրավունքների ոտնահարման միտումը հանգեցրել է նրան, որ նիստերը չեն կարող ուղղակի ընթանում»,- հավելում է փաստաբանը:
Հետաքրքիր է, որ հայտարարված ընդմիջումից հետո փաստաբաններն առանց խուզարկվելու մուտք գործեցին նիստերի դահլիճ: Թե ինչու էին մինչ այդ կարգադրիչները պնդում, որ օրենքի պահանջն է, որ պետք է «զննվեն» պայուսակները, պարզ չի:











