Այսօրվա հրամայականներից է Սահմանադրական հեղափոխության իրականացումը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարում իր ելույթում նշել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա իր խոսքում նշեց, որ Հայաստանը ճգնաժամից կարող է դուրս գալ միայն համազգային կոնսոլիդացիայի միջոցով, սակայն այժմյան իշխանությունն այդպիսի ցանկություն չունի։
Նրա խոսքով, այլ ելք չի մնում , քան վերականգնել մարդկանց հավատը իշխանության եւ ապագայի հանդեպ։ «Պետք է գործողության մեջ դնել հնարավոր ամեն ինչ։ Սկսած պայքարի նորանոր կենտրոններ ստեղծելուց, վերջացրած հակապետական միջազգային պայմանագրերը եւ հակասահմանադրական ազգային օրենքները չճանաչելով։ Կարեւոր անելիքներից է իշխանության բռնազավթման թեմայի արդիականացումը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, պետք է ստեղծել համապարփակ մարմին-մեխանիզմ, եւ այդ ճանապարհով պայքարել իշխանության դեմ։ «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ օրվա հրամայականներից է Սահմանադրական հեղափոխության իրականացումը, քաղաքական եւ քաղաքացիական ուժերի ամենալայն մասնակցությամբ։
Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքն ավարտեց Գարեգին Նժդեհի պատգամով. «Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով եւ հարգանքով՝ աստղալից երկինքը գլխավերեւում եւ բարոյական օրենքը՝ սրտի մեջ»։
«Չգիտեմ՝ մերօրյա նժդեհականների սրտերում կա՞ բարոյական օրենքմ թե ոչ, բայց ես կհորդորեի բոլորիս հավատարիմ մնալ Նժդեհի այդ հանձնարարականին»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Նշենք, որ «Ժառանգության» համագումարին ներկա է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Ազատամարտիկներ եւ «Ժառանգության» անդամները։
.jpg)
.jpg)











