Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանին այսօր` հունիսի 27-ին,  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Արարատ Խանդոյանը դատարանի վճիռն ընդունեց հեգնական ծափահարություններով եւ ծիծաղով: Իսկ դատարանի դահլիճում ներկաների շրջանում դատարանի որոշումը դժգոհության ալիք առաջ բերեց, նրանք սկսեցին վանկարկել. «Ամոթ»:

Նշենք, որ Արարատ Խանդոյանի համար մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը պահանջել էր 4 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Խանդոյանը կալանքի տակ է: